Բաժանի՜, բաժանի՜, հորդորում են ընկերները խաղաթղթերը ձեռքի մեջ վարժ պտտող ծերունուն: Առաջին երեք անգամվա այցելությունից հետո դառնում ես Բիձու գյոլ պայմանական ակումբի անդամ, եթե դեմքդ հիշեցին, այլևս խորթ չես: Բլոտ խաղալ չգիտե՞ս, հոգ չէ՝ դուռակ, շաշկի, նարդի են առաջարկում:
Ջրի շուրջ ստեղծված քաղաքային այս ակումբում կան մի քանի չգրված օրենքներ՝ բոլորը միմյանց հանդեպ ուշադիր են, եթե մեկը երկար չի գալիս, հետաքրքրվում են` ի՞նչ է պատահել: Ի դեպ, այս վայրի անունն էլ, ըստ ակումբի հին անդամների, ամենևին էլ Բիձու գյոլ չէ, այլ Չռիկ, քանի որ ի սկզբանե այդ տարածքում միայն ջուր է չռացել, իսկ «գյոլ» տարբերակը ջահել սերնդի վերտառումն է:
Ժամային գրաֆիկն այստեղ ինքնըստինքյան է հյուսվել: Գյոլի անդամների համար օրը օր չէ, եթե այն չի սկսվում Չռիկից: Առավոտ կանուխ՝ ժամը 6-ից սկսած գալիս են ամենահայտնիներն ու աշխատանքից ուշացողները՝ դատավորներ, դատախազներ, ովքեր գյոլի պարծանքն են ու դրան առնչվող տարբեր խնդիրները լուծողը: Այստեղ ահով են հիշում՝ վերջերս անծանոթներ էին եկել, նայում էին, զննում տեղանքը: Պարզ էր՝ հերթը գյոլին է հասել: Բիձեքն աղմուկ բարձրացրին ու բացառեցին, որ տարածքը զավթվի՝ խորոված-քյաբաբի հերթական զոհը դառնալով: Նրանցից շատերը գալիս են այստեղ ամենաքիչը 25 տարի:
Առավոտյան հերթափոխին հաջորդում է կեսօրվանը: Այս հերթափոխի անդամներն ավելի անշտապ են, նախ՝ լավ թրջվում են ու վայելում գետնի տակից բխող սառը հրաշքը, հետո անպայման մի-մի պարծյա խաղում են, մեկնվում թթից շիրայոտված քարերին ու վայելում արևը: Բիձու գյոլի կենարար ջրի մասին լեգենդներ են շրջում՝ թե քանիսն են հիվանդ մեջքով եկել ու առողջացած գնացել: Գյոլի մշտական անդամ դառնալուց հետո հիվանդությունների մասին առհասարկ մոռանում են: Ջուրը խմելու մասին կարծիքները հակասական են, ոմանք ասում են՝ անմահական է, բա ո՞նց չխմես, մյուսները թե՝ խմել չարժի, միայն լողալը լրիվ հերիք է: Կեսօրից ավելի ուշ գալիս են երիտասարդներ, դպրոցականներ, ովքեր ամռան ամիսներին հատկապես շատ են ու սկսում են երկու սերունդների միջև երբեք չդադարող բանավեճերն ու դաստիարակչությունը: «Երբ գալիս են պրիբալտիկացի աղջիկները, չտեսի պես մի՛ նայեք, ռեպլիկներ բաց մի՛ թողեք: Վերջապես 21-րդ դարում մենք վայրենիների տպավորություն չպիտի թողենք: Պարսիկներն են գալիս, ստեղ իրանց ղայֆեն են խմում: Մի՛ կպեք դրանց», — երիտասարդներին խելք է սովորեցնում գնդապետ Պերճը, ով իրեն ինչ հիշում է, գալիս է գյոլ՝ բացառությամբ Արցախյան պատերազմի տարիների: Պերճի ու գյոլի էլի մի քանի հին այցելուների հորդորով, ակումբի ավելի ապահովված անդամներն իրենց միջոցներով քիչ թե շատ կարգի են բերել տարածքը, բետոնապատել են գյոլը, հանդերձարան տեղադրել, ջրի հոսքը մի քանի ուղղության բաժանել, որ գյոլ մտնելուց առաջ ու հետո չռիկի տակ ցնցուղ ընդունես: «Առավոտ ջիպով էկող գնացողներին ասեցինք՝ ձեր գրպանները կարած չի, էս տեղին մենք պիտի տիրություն անենք: Ստեղի պատմությունը շատ հին է, ասում են էս չռիկը եղել ա դեռ մինչև վերևի կանալը սարքելը: Մեր նախորդները, որ ստեղ են եկել. իրանց կողմից մի հատ խաչքար են դրել, մենք էլ գոնե տարածքը կարգի բերենք», — ասում է Պերճը: